Սովորի՛ր Անորոշ դերբայի և Ենթակայական դերբայի մասին նյութը:
. Հետևյալ նյութից առանձնացրու անորոշ դերբայները:
Ես նախընտրում եմ զգալը
Եթե ես կենդանի եմ և ապրում եմ, ուրեմն շատ բան դեռ չեմ արել: Օրվա մեջ երկու-երեք ժամ կարող եմ աշխատել, հետո հոգնում եմ, դադարում եմ զգալ: Օրվա ընթացքում մի քանի հանդիպումներ կարողանում եմ անցկացնել: Եթե հանդիպումը բավականաչափ լարում է պահանջում` մեկն էլ բավական է: Այնուհետև գալիս է մարսելու, գրելու, յուրացնելու փուլը: Այս ամենն ինձ բավական է:
Ես չեմ կարող շատ իրեր ունենալ: Դրանք ուղղակի չեն տեղավորվում իմ գիտակցության մեջ` մոռացվում եմ, կորչում կամ էլ մեռած բեռի պես պառկում են գլխիս մեջ: Ես միանգամից շատ գործ չեմ կարողանում անել: Բայց, եթե կենտրոնանում կամ թափանցում եմ գործի բովանդակության մեջ, ապա կարողանում եմ:
Հենց ես սկսում եմ զգալ, ապա չեմ կարողանում ուտել, խմել, հոտոտել ինչ պատահի: Չեմ կարողանում կարդալ, նայել կամ լսել ինչ պատահի: Եթե ես զգում եմ, ապա ընտրում եմ: Ընդ որում, որքան շատ են զգացողություններս սրվում, այնքան ավելի ուշադիր եմ դառնում:
Չեմ կարողանում շատ մարդկանց հետ հարաբերվել: Եթե այդ հարաբերությունները քիչ են և խորքային, այո՛, կարողանում եմ, իսկ, ա՜յ, շատի և մակերեսայինի դեպքում` չեմ կարող: Ես դրանից կոտրվում եմ: Իմ ներսում մի ինչ-որ նուրբ բան մաշվում է` վերածվելով կոշտուկի:
Չեմ կարողանում անծանոթի հետ խորքային հարաբերությունների մեջ մտնել: Ինչքա՜ն ճանապարհ պիտի անցնել միասին` իրար հասկանալու և վստահելու համար: Որտեղ են նրանց հոգու փոսերը, խոռոչները կամ գաղտնի հետնախորշերը, իսկ որտեղ` իմը:
Եթե իմ ներսում միացրել եմ հեգնանքը, ցինիզմը, անտարբերությունը, համբերությունը և երկրորդ տիեզերական արագությունը, ապա ես հեշտությամբ կարող եմ մարդկանց հետ հարաբերվել` հաղթական երթով անցնելով բազմության, կիլոմետրերի, փաթեթների և նույնիսկ երկրների միջով: Գլխավորը` հանկարծ նորից չսկսես զգալ:
Եթե ես պրոֆեսիոնալ եմ, դեր եմ տանում, աշխատում եմ ըստ ընտրված սխեմայի, ներսս չեմ անջատել, ապա կարող եմ այդպես ապրել: Կարենալը` կարող եմ, բայց չեմ ուզում: Ես այն աստիճան չեմ ուզում, որ թվում է այդպես անել չեմ կարող:
Բաց և փոխվելու ընդունակ սիրտը խոցելի է: Նման դեպքում ես բնական սահմանափակումներ եմ նկատում: Եթե ես ինձ թույլ եմ տալիս ապրել կենդանի կյանքով` լինել մեղմ, ջերմ, զգայուն, ապա ունենում եմ կապվածության զգացողություն:
Կապվածությունը հավերժական չէ, անխոցելի լինելը` նույնպես: Զգայուն լինելը հավերժական չէ, անտարբերությունը` նույնպես: Եվ, եթե արդյունքում նույն բանն է, ապա ես այս բոլորի միջից նախընտրում եմ զգալը: Հակառակ դեպքում` ի՞նչ իմաստ ունի մնացածը:
. Տրված առած-ասացվածքներից գտի՛ր ենթակայական դերբայները:
Ենթակայական դերբայ
Փոս փորողը ինքն է փոսն ընկնում:
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն:
Ճիշտ խոսողի ձին պիտի թամքած լինի:
Երկար լեզու ունեցողը կարճ մտքեր է ունենում։
Պատվով մեռնողը փառքով է ապրում:
Գելից վախեցողը ոչխար չի պահի:
Վազող ջուրը կեղտ չի բռնում:
Վարդը սիրողը փուշն էլ կսիրի:
Ասողին լսող է պետք: