Ընտանեկան նախագիծ ,,Դարձիր իմ ընտանիքի մի մաս,,

Ընտանեկան նախագիծ՝ «Դարձիր իմ ընտանիքի մի մասը»
Այս երկարաժամկետ կարանտինի ընթացքում յուրաքանչյուր ընտանիք պետք է միավորվի և հետաքրքիր զբաղմունքներ մտածի: Այս կարանտինի ընթացքում ընտանիքիս հետ հասցրեցի շատ հետաքրքիր ժամանակ անցկացնել, նաև բացահայտեցի նրանց: Գիտե՞ք, կարծում եմ, որ այս հարկադիր արձակուրդը յուրաքանչյուրիս տալիս է հնարավորություն զբաղվել այն զբաղմունքներով, որոնցով երբեք չենք զբաղվել ու մոռացել ենք, կարող ենք անել այն աշխատանքները, որոնք եղել են ժամանակատար, չենք հասցրել:


Կինոդիտում

Ճիշտն ասեմ, արդեն չեմ հիշում՝ երբ էինք մենք ընտանիքով հավաքված ֆիլմ դիտել: Այս ընթացքում դիտեցինք շատ-շատ ֆիլմեր, մուլտֆիլմեր և կարևորը՝ միասին: Ֆիլմեր դիտելով՝ կարծես պոկվում ես աշխարհից, այս իրավիճակից և սուզվում դեպի հորինված մի աշխարհ, որտեղ դու, որպես գլխավոր հերոս, հաղթահարում ես յուրաքանչյուր դժվարություն: Կցանկանայի առանձնացնել այդ մեծ ֆիլմացանկից մեկը ՝ «Ուրվականների որսորդները» ֆիլմը:

Նյու-Յորքում՝ Օլդրիջի առանձնատանը, որտեղ էքսկուրսիա էր տեղի ունենում, էքսկուրսավարը վերջում նկատում է, որ տեղի են ունենում տարօրինակ դեպքեր: Եվ արդյունքում պարզվում է, որ այնտեղ ուրվական կա: Էրին Գիլբերտը և Էբբի Իյեյթսը տարիներ առաջ գրել էին գիրք ուրվականների մասին, դա էր պատճառը՝ ինչու Օլդրիջի առանձնատան տերը եկավ Էրինի մոտ և խնդրեց օգնություն: Էրինը գնում է իր հին ընկերուհու՝ Էբբի Իյեյթսի մոտ, և նրանք ինժեներ Ջիլիան Խոլթսմենի հետ միասին ուղևորվում են դեպի Օլդրիջի առանձնատուն: Այնտեղ նրանք հանդիպում են իրական ուրվականի, և նույնիսկ տեսագրում են նրան: Այդ տեսանյութը հայտնվում է YouTube-ում, և Էրինին զրկում են Կոլումբիայի համալսարանում դասախոսի պաշտոնից: Չեմ ցանկանում ֆիլմը պատմել ամբողջությամբ, և խորհուրդ կտամ, որ ինքներդ դիտեք այն:


Խոհարարություն

Քանի կարանտին է և կա ժամանակ ստեղծագործելու՝ ես և եղբայրս որոշեցինք ստեղծագործել խոհանոցում: Որոշեցինք պատրաստել թխվածքաբլիթներ: Բաղադրատոմսը վերցրինք համացանցից և գնացինք ամբողջ խոհանոցը ալյուրի մեջ պատելու: Բոլոր բաղադրիչները լցրեցինք խառնիչի մեջ և սկսեցինք խառնել: Հատուկ ֆորմաների միջոցով կտրատեցինք խմորը, հետո զարդարեցինք: Յուրաքանչյուր թխվածքաբլիթի խմոր պատրաստելիս իմ եղբոր և իմ սիրելի գործը խմորը փորձելն էր, տարօրինակ է, բայց փաստ է: Երկարատև աշխատանքից հետո ստացանք շատ համեղ թխվածքաբլիթներ:


Զբաղմունքներ

Այս «արձակուրդի» ընթացքում պարտադիր պետք է ինչ-որ հետաքրքիր զբաղմունքներ գտնել: Օրինակ՝ ես և տատիկս որոշեցինք փազլ հավաքել: Ունեի երկու փազլ, որոնք երբեք չէի հավաքել: Ընտրեցինք մեկը և գնացինք հավաքելու: Իմանալով, որ ունենք երկար ժամանակ, հանգիստ սկսեցինք հավաքել այն: Բայց մեկ է, ես շտապում էի այն հավաքել, քանի որ արդեն երկու տարի է՝ ինչ փազլ չէի հավաքել: Իմ միջի ցանկությունը՝ տեսնել այն հավաքված, շատ մեծ էր, և մինչև երեկոյան ժամը երկուսը ես և տատիկս այն հավաքում էինք: Ճիշտ է, երկու կտոր կորել էր, բայց մեկ է, դա չէր խանգարում իմ և տատիկիս երջանկությանը: Արդյունքում հավաքեցինք Պիզայի աշտարակը:


Ինքնակրթություն

Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կրճատ պատմությունը» գիրքը կարդում էի դեռ հունվարից: Քանի դեռ դպրոց էի հաճախում, պարապմունքներ ունեի, չէի հասցնում այն հանգիստ կարդալ: Շաբաթը 2-3 օր կարդում էի դեպի դպրոց և հետդարձի ճանապարհին, բայց մեկ է, կարդացածս կիսատ էր և մաս-մաս: Չէի կարողանում նորմալ հիշել անցած գլուխներում կարդացածս: Միգուցե խնդիրը նրանում էր, որ այն գիտական գիրք է, այլ ոչ գեղարվեստական: ահա, այս շաբաթվանից սկսել եմ այն կարդալ նորից: Սկսեցի այն ավելի լավ հասկանա,լ և արդյունքում սկսեց կազմվել ընդհանուր պատկեր կարդացածիս մասին: Գիրքը պատասխանում է մեր շատ հարցերի՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել տիեզերքը, անծա՞յր է այն, թե՞ ունի վերջ, նաև պատմում է սև խոռոչների, ժամանակի առաջացման և այլի մասին:


Համո Սահյան

Այս ընտանեկան նախագծի շրջանակներում ընտանիքիս անդամների հետ միասին կարդացել եմ Համո Սահյան:Հետևյալ տեսանյութում ես եվ մայրիկս կարդում ենք Սահյանի «Դուք լավն եք,մարդիկ» ստեղծագործությունը

Իսկ այստեղ փոքրիկ եղբայրս կարդում է Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը


Վերջ